Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Ադրբեջանն ընտրել է պատերազմի ուղին

Ադրբեջանն ընտրել է պատերազմի ուղին
07.10.2024 | 17:23

Քանի որ վերջին շրջանում Ադրբեջանի բռնապետ ղեկավարը խոսում է չափազանց շատ, և մեծ քանակի նյութեր են կուտակվում, ցանկանում եմ ուղղակի պարբերաբար ելույթներից որոշ հետաքրքիր հատվածներ տեղադրել, որոնք սովորաբար կորում են լրահոսում։

Այսպես, Ջրականում ունեցած իր ելույթի ժամանակ, թիրախավորելով արևմտյան գործընկերներին, ասել է․

«Տեսեք այս անարդարության աստիճանը. այն երկրները, որոնք ցանկանում էին նվիրաբերել մեր հողերը Հայաստանին, իբր զբաղվում էին այս հակամարտության լուծմամբ։ Բայց նրանց իրական նպատակը մեզ մշտական ճնշման տակ պահելն ու այդ հողերը Հայաստանին նվիրելն էր։ Ինչի՞ց էին բաղկացած նրանց առաջարկները։ Դրանք բաղկացած էին նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզին անկախության տրամադրումից։ Ի վերջո, այս կեղծավորությանը և երկակիությանը չափ պետք է լինի, չէ՞»։

Ուշագրավ է, որ այս տարվա հունվարին Ալիևն այլ հայտարարությամբ էր հանդես եկել, խոստովանելով, որ ինքը չի ցանկացել խնդրի խաղաղ կարգավորում, այլ ընդամենը իմիտացրել է բանակցային գործընթացը։ Նա ասել էր․

«Իհարկե, մենք բոլորս ցանկանում էինք հնարավորինս շուտ վերականգնել մեր տարածքային ամբողջականությունը։ Սակայն պատմության տեսանկյունից 30 տարին այնքան էլ երկար ժամանակ չէ։ Այս ընթացքում բանակցությունների ժամանակ բազմաթիվ առաջարկներ են հնչել, և ոմանց կարող է հետաքրքրել, թե ինչու Ադրբեջանը չէր ընդունում դրանք։ Ի վերջո, այս առաջարկների հիման վրա մի քանի շրջաններ կվերադարձվեին Ադրբեջանին առանց պատերազմի, նախկին տեղահանվածները կվերադառնային իրենց տները, միաժամանակ իրավիճակը կկարգավորվեր։ Ինչո՞ւ Ադրբեջանը չի համաձայնում և չի հաշտվում այդ առաջարկների հետ։ Իհարկե, բանակցություններն ունեին իրենց ռազմավարությունն ու մարտավարությունը։ Իհարկե, մենք բանակցությունները վարել ենք այնպես, որ նվազագույնի հասցնենք արտաքին ճնշումը՝ մեր նպատակներին հասնելով։ Բայց ինձ համար գլխավորն այն էր, որ սա պատմական խնդիր է, ազգային խնդիր է, և ինչ-որ թվացյալ բարենպաստ շահեր փնտրելը սխալ կլինի։ Մենք պետք է հարցը լուծենք հիմնարար ճանապարհով, պետք է մեկընդմիշտ լուծենք, պետք է ամբողջությամբ վերականգնենք մեր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։

Այսպիսով, Ադրբեջանը կրկին վերահաստատում է, որ խաղաղ կարգավորման, փոխզիջումային լուծումների դեպքում Արցախում ապրելու էին հայեր՝ կարգավիճակով ու հստակ անվտանգային մեխանիզմներով։ Որպեսզի դա չլինի, Ադրբեջանն ընտրել է պատերազմի ուղին։ Իսկ մեզ մոտ կշարունակեն երգեր երգել այն մասին, որ բոլորը միշտ Արցախը ճանաչել են Ադրբեջանի մաս:

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 11993

Մեկնաբանություններ